Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Ահավոր անգրագետ են մեր գանձագողերը» (ֆոտոշարք)

«Ահավոր անգրագետ են մեր գանձագողերը» (ֆոտոշարք)
15.10.2012 | 13:49

Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, վերականգնող ճարտարապետ Ստեփան ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ տեղեկացմամբ` Վայքի տարածաշրջանի Կապույտ գյուղից ահազանգ են ստացել, որ քանդված տների հիմքերի, պատերի միջից խաչքարերի բեկորներ են դուրս գալիս: Սահմանամերձ այս գյուղը խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ է եղել: 1978-ին խաչքար կոտրելու համար նրանցից մեկին դատել են: Ինչը սակայն չի խանգարել, որ մեր երկրում ապրող ազերիները ոչնչացնեն տեղի պատմական արժեքները:

Ստեփան Նալբանդյանը տեղեկացրեց, որ տարածքը անձամբ ուսումնասիրել են, վերջերս այցելել են նաև մասնագետների մեծ խմբով:
«Ի դեպ, այդ տարածքում բոլոր խաչքարերը գրանիտ քարից են,- ասաց նա:- Մի հետաքրքիր ժայռահատված կա, որի վրա մեկը մյուսից գեղեցիկ խաչեր են փորված` տարբեր ժամանակներում, տարբեր վարպետների ձեռքով: Տեղացիները վկայում էին, որ եթե այդ ժայռերով գնաս դեպի Նախիջևան, ամենուր պատերին փորագրված խաչքարեր կտեսնես և պատմական նշանավոր հետքեր»: Գյուղացիները պատմել են նաև, որ ժայռերի գլխին երեք ու կես մետ բարձրությամբ գլանաձև խոշոր հորեր կան, հսկայական սալերով ծածկված: Մասնագետները ենթադրում են, որ դրանք զնդաններ են եղել` պատժատեղեր:
Կապույտի խաչքարերի մասին հիշատակել են Քաջբերունին, Երվանդ Լալայանը, Մակար Բարխուդարյանը:
Ճարտարապետի խոսքով` տարածքը մոռացված չէ, այնտեղ կան հայտնի հուշարձաններ, խաչքարեր, որոնք գրանցված են որպես պատմական հուշարձաններ, պարզապես հայերի մուտքն այնքան էլ հասանելի չի եղել, անուշադրության է մատնվել ու այսօր ականատեսն ենք թաթար խուժանի իրականացրած վանդալիզմի:
Ճարտարապետն ասաց, որ պետք է բարձրաձայնել վանդալիզմի այս դրսևորման մասին, նաև մատնանշեց մեր այսօրվա անտարբերությունը: «Ադրբեջանցին պատ էր շարում խաչքարերով, մենք էլ պատից հանել ենք, թափված է ամբողջ գյուղով մեկ,- ասաց նա:- Մենք դիմելու ենք կառավարությանը, որպեսզի տարածքը հատուկ վերահսկիչ ունենա: Համատարած գանձագողություն է կատարվում: Ահավոր անգրագետ են մեր գանձագողերը: Ես նույնիսկ ուզում եմ հատուկ դասախոսություն կարդալ գանձագողության մասին, թե որտեղ կարելի է քանդել, որտեղ` ոչ: Խաչքարերը ինչո՞ւ են քանդում, ի՞նչ են փնտրում թաղված քրիստոնյայի խաչքարի, կամ եկեղեցու հիմքի տակ»:
Քաջբերունին հիշատակում է, որ կան եկեղեցու մնացորդներ, բայց այսօր դա անտեսանելի է, որովհետև տարածքը քանդված է, ավերված, թփերով ծածկված: «Դժվար է հասկանալ, որտեղ ինչ կա, բայց միանշանակ է, որ հոգևոր կենտրոն է եղել այստեղ,- ասաց Ստեփան Նալբանդյանը:- Նման աննկարագրելի տարածք ունեցող երկիրը պետք է հպարտանար իր ունեցածով, և հազարավոր զբոսաշրջիկների հոսք ապահովեր»:
Կապույտը համայնքային կարգավիճակ չունի: Ներկայումս մոտ 10 ընտանիք է ապրում այստեղ, ձմռանը` մեկ ընտանիք: ՀԷԿ կառուցողները, ովքեր և ահազանգել էին խաչքարերի մասին, մտադիր են գյուղը վերաբնակեցնել: Ստեփան Նալբանդյանի կարծիքով` առաջնային է զբոսաշրջության զարգացումը, ինչի շնորհիվ կզարգանա նաև գյուղը:
Ի դեպ, զրուցակցիս բնորոշմամբ` կան լավ և վատ զբոսաշրջիկներ. զբոսաշրջիկներ կան, որ ծառերի վրա քրչուփալաս են կախում, իբր երազանքների իրականցման համար, կարծելով, որ մեր առաքելական եկեղեցին նման ավանդույթ ունի, զբոսաշրջիկներ էլ կան, որ այդ նույն տարածքները մաքրում են: «Կարծում եմ այստեղ գիտակից զբոսաշրջիկներ կգան, և, ամեն մեկը մի քար շտկելով կյանքի կկոչի այս տարածքը: Բայց մենք ավելի մասնագիտորեն ենք ուզում հարցին մոտենալ, ներդնողներին տարածքի մաքրման, վերականգնման ծրագիր-առաջարկ ենք ներկայացնելու, ինչու ոչ նաև առաջարկելու ենք ուխտավորների համար կացարաններ սարքել»,- ասաց Ստեփան Նալբանդյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ